National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.03.2016
ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի ընդլայնված նիստում
1 / 4

Մարտի 18-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի (ԱԽ) ընդլայնված նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նիստին մասնակցել են աշխանտանքային խմբի անդամները, միջազգային փորձագետներ եւ ոլորտի մասնագետներ:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջի կատարման եւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքը Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ: Այն ձեւավորվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի, ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղեկացնենք, որ աշխատանքային խումբը մշակել է «ՀՀ վերահսկիչ (հաշվեքննիչ) պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համար անհրաժեշտ աշխատանքների ճանապարհային քարտեզ, ինչպես նաեւ՝ հայեցակարգային տեսակետներ՝ քննարկման առարկա հիմնական հարցերի վերաբերյալ:

Գագիկ Մինասյանը նշել է, որ քննարկումը նվիրված է Հաշվեքննիչ պալատի մասին նոր օրենքի մշակման համար անհրաժեշտ առավել բարդ հարցերի ուսումնասիրմանը եւ քննարկմանը: Աշխատանքային խմբի ղեկավարի կարծիքով՝ քննարկումների ընթացքում հնարավոր կլինի գտնել բոլոր մտահոգիչ հարցերի պատասխանները:

Ոլորտում նշանակալի փորձ ունեցող մասնագետները եւ GIZ-ի գրասենյակի կողմից արտերկրից հրավիրված փորձագետները՝ Լոթար Շպիլհոֆը եւ Յենս Փորցուցեքը ներկայացրել են իրենց մասնագիտական դիրքորոշումները եւ միջազգային լավագույն օրինակելի փորձը: Խոսելով INTOSAI եւ ISSAI ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներից՝ փորձագետները նշել են, որ դրանք օրենքներ չեն, այլ կանոններ են, որոնց կարելի է հետեւել:

Նշենք, որ ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն աջակցում է ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբին` Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ կնքած համաֆինանսավորման համաձայնագրի շրջանակում, որն ուղղված է Հայաստանի արտաքին վերահսկողության համակարգի անկախության, արդյունավետության եւ թափանցիկության հզորացմանը:

Նիստի աշխատանքը կշարունակվի մարտի 19-ին՝ նույն վայրում:


16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am